Տրդատ 3րդի ներքին քաղակականությունը

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանի, Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։

Հայաստանի եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատում։ Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ։

5-րդ դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հորը՝ Խոսրովին, սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության՝ սրանք հռոմեացի կույսեր էին, որոնք, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան, հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։

Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ 5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն։Խոր Վիրապ

Նորահիմն քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ Գրիգոր Լուսավորիչը վերադառնում է Կեսարիայից, թագավորը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Նա Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն. յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս է ձեռնադրում, որոնք ենթակա էին իրեն, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով, Գրիգոր Լուսավորիչը հաստատում է թվով 36 եպիսկոպոսություններ, որոնց գահակալներից 18-ը նստում էին նրանից աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *